2017-01-19 10:30:00

Դեսպան Մինասեան` հաւատարմագրերը յանձնեց Փորթուկալի նախագահին։


(Ռատիօ Վատիկան) Յունուարի 16-ին­, Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած ՀՀ դեսպան վսեմաշուք Տիար Միքայէլ Մինասեան (որուն նստավայրը կը մնայ Վատիկան)  իր հաւատարմագրերը յանձնեց Փորթուկալի Հանրապետութեան նախագահ` Մարսելու Ռեբելու Տէ Սոուզային:

Լուրը կը կարդանք ՀՀ արտաքին գործոց նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ որուն մէջ նշուած է ապա թէ ''Հաւատարմագրերի յանձնման պաշտօնական արարողութեանը հետևած առանձնազրոյցի ընթացքում դեսպան Մինասեանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկայ ջերմ պատմական կապերին, ինչպէս նաև հարուստ մշակութային ժառանգութեանը։ ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւնը''։

Փորթուկալ կատարած այցելութեան ծիրէն ներս դեսպան Մինասեան ունեցաւ քաղաքական ու տնտեսական  անձնաւորութիւններու հետ այլ հանդիպումներ ու յատուկ հանդիպում նաեւ

Լիսապոնի Պատրիարք` Կարդինալ Մանուել Ժոզէ Մաքարիօ Տօ Նաշիմենթօ Քլեմենթիի հետ։ Ան ապա այցելեց ''Գալուստ Կիւլպենկեան հիմնադրամ'' որտեղ հանդիպում ունեցաւ հիմնադրամի տնօրէն Արթուր Սանտոս Սիլվայի և Հայկական բաժնի տնօրէն Ռազմիկ Փանոսեանի հետ:








All the contents on this site are copyrighted ©.